Սեպտեմբերի 10-ին ոստիկանության աշխատակիցները Կոտայքի  մարզի Բալահովիտ գյուղում կալանավորեցին 7 տարի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սմբատ Գրիգորյանին: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ 2007թ. հունվարի 31-ին ոստիկանության Կոտայքի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացի Սմբատ Գրիգորյանը անհիմն վիճաբանել է իր եւ ընկերոջ հետ, ապա դանակի մի քանի հարված հասցրել իրենց: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:

Տուժողներից մեկի առողջությանը պատճառվել էր թեթեւ վնաս, իսկ մյուսին միջին ծանրության վնաս, որը 18 օր անց հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրեական գործը վերաորակվել էր  112-րդ հոդվածի 2-րդ մասի  14-րդ հոդվածով նախատեսված հանցանքի մասով` այն է դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Փոխվել էր նաեւ  Սմբատ Գրիգորյանի խափանման միջոցը, սակայն նրան կալանավորել չհաջողվեց: Հայտարարված հետախուզումից երկու ամիս անց նրա գտնվելու վայրը չպարզելու պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կասեցվել էր:

Կասեցված գործի վարույթը սկսվել է, Սմբատ Գրիգորյանը կալանավորված է: