Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորների վրա Ադրբեջանի կատարած հարձակումը դատապարտող հայտարարությամբ։

«Ես ամենակտրուկ կերպով դատապարտում եմ այդ հարձակումները։ ԼՂՀ տարածք ներխուժելու փորձը անընդունելի սադրանք է եւ հակամարտությունը խորացնելու փորձ։ Ես նաեւ խորին ցավակցություն եմ հայտնում հարձակման հետեւանքով զոհված չորս զինվորների ընտանիքներին։ Անձնազոհությունը, որով նրանք պաշտպանել են երիտասարդ, սակայն բարգավաճող ժողովրդավարությունը, արժանի է հիացմունքի»,- ասել է նա, հայտնում է Asbarez-ը։

Այն փաստը, որ հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ժամեր անց, խոսում է դրա՝ նախապես պլանավորված լինելու մասին, նշել է կոնգրեսականը։

«Ես առաջվա նման կոչ եմ անում ԱՄՆ կառավարությանը՝ սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես է Ադրբեջանը հանդես գալիս ագրեսիվ հայտարարություններով եւ հարձակումներ կազմակերպելով»,- ասված է Փալոունի հայտարարության մեջ։

Նշենք, որ հունիսի 18-ին ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ: Մարտի արդյունքում զոհվել էին 4 հայ զինծառայողներ, եւս 4-ը՝ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մեկ սպանված: