«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քիչ առաջ որոշել է այն թեկնածուին, ով լինելու է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում։ Նոր նախարարը ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանն է, ով ներկայումս աշխատում է Վերահսկիչ պալատում որպես 8-րդ վարչության պետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, հավելելով, որ Ա. Գրիգորյանը մասնագիտությամբ իրվաբան է:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում առաջդրվում է մասնագիտությամբ իրավաբանը, Գալստյանը պատասխանեց. «Արթուր Գրիգորյանի ընտրությունը կատարվել է նրա մասնագիտական տվյալները, նաեւ կուսակցական բազմափորձությունը հաշվի առնելով։ Նկատի ունենալով այն, որ նախարարի աշխատանքը ենթադրում է կառավարչական լուրջ հմտություններ, նման մասնագիտության տեր մարդիկ կարող են բարձր աշխատունակություն ցուցաբերել»:
Մյուս հարցին, թե ի՞նչն է եղել նախկին նախարարի՝ Մխիթար Մնացականյանի հրաժարականի պատճառը՝ Գալստյանը չպատասխանեց, նկատելով, թե Մնացականյանը առաջիկայում հանդես կգա այդ մասին համապատասխան հայտարարությամբ։
«Պարոն Մնացականյանը որոշել է հրաժարական տալ նախարարի պաշտոնից եւ նրա այդ որոշումն ընդունվել է պարոն Ծառուկյանի կողմից»,-նշեց Գալստյանը։ Իսկ այն տեղեկությունները, թե սոցապ նախկին նախարարի հրաժարականի պատճառը եղել է իր ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ տարաձայնությունները՝ որոշ պաշտոններում նշանակումների հետ կապված, Խաչիկ Գալստյանը հերքեց։ «Ոչ մի նման բան չկա»,-վստահեցրեց նա։
Հիշեցնենք, որ Մխիթար Մնացականյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել երեկ՝ հունիսի 21-ին։




























