«Լավանդա Սիթին» սկսել է Սեւանի առափնյա գոտուց տեղափոխել մոտ 30 տնակներ: Առայժմ կազմակերպությունն այդ աշխատանքները կատարում է սեփական միջոցներով, սակայն կառավարությունը հետագայում կտրամադրի փոխհատուցում եւ նոր հողատարածք: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նրա տեղեկացմամբ` այսօր Սեւանի առափնյա գոտում 1905 մ նիշից ցածր գտնվում են 1697 շենքեր եւ շինություններ, որոնք բոլորն էլ պետք է տեղափոխվեն, այլապես ջրի բարձրացման հետեւանքով ջրածածկ կլինեն: Այդ շինություններից ընդամենը 481-ն ունեն պետական գրանցում, մյուսներն ինքնակամ են, հետեւաբար տեղափոխման դեպքում փոխհատուցում չեն ստանա: 481 օրինական շինություններից 263-ը պատկանում են «Լավանդա Սիթիին»:
Չնայած NEWS.am-ի հարցումներին, Վլ. Մովսիսյանը հրաժարվեց ասել, թե այլ հայտնի օբյեկտներից որոնք են օրինական կամ ինքնակամ` պատճառաբանելով, թե փոխհատուցման մեխանիզմներն ու գումարները վերջնականապես հստակեցված չեն: Անկեղծ ասած` պրն. Մովսիսյանը բավական երկար բացատրեց, թե ինչու չի կարող նման տեղեկատվությունն հրապարակել, բայց նրա արդարացումներն ավելի շուտ խրատաբանության, բարոյախոսության եւ փիլիսոփայության ոլորտից էին:
Նշենք նաեւ, որ տեղափոխման ենթակա շինությունների 74 տոկոսը շարժական են, այսինքն` մետաղյա կամ փայտյա տնակներ են, որոնց տեղափոխումը մեծ ծախսերի հետ կապված չէ:




























