Վերջապես որոշվել է Հայոց Համազգային շարժում կուսակցության համագումարի օրը: ՀՀՇ համագումարը կայանալու է հուլիսի 17-ին Կառավարության նիստերի դահլիճում: Նկատենք, որ ժամանակավորապես հենց այս դահլիճում են կայանում ԱԺ նիստերը, քանի որ ԱԺ նիստերի դահլիճը վերանորոգվում է:

Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց ՀՀՇ մամուլի քարտուղար Կարեն Կարապետյանը:

«Սա ՀՀՇ-ի հերթական համագումարն է, որի ընթացքում կառաջադրվեն վարչության թեկնածուներ, կընտրվի նոր վարչություն, կընդունվի բանաձեւ եւ եթե անհրաժեշտություն լինի, կլինեն նաեւ ծրագրային որոշ փոփոխություններ»,- ասաց նա:

Կ. Կարապետյանի խոսքով, վարչության նախագահի խնդիրը համագումարի ժամանակ չի լուծվի, քանի որ կուսակցության կանոնադրությամբ համագումարը չի ընտրում վարչության նախագահին: «Համագումարն ընտրում է վարչություն, այնուհետեւ վարչությունն իր անդրանիկ նիստում իր կազմից ընտրում է վարչության նախագահ, փոխնախագահ եւ գործադիր քարտուղար»,- ընդգծեց ՀՀՇ մամուլի քարտուղարը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կապված այն փաստի հետ, որ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարական են տվել, ՀՀՇ-ում սկսեն առավել ակտիվ գործունեություն ծավալել «Այլընտրանք» նախաձեռնության ՀՀՇ-ական անդամները, Կ. Կարապետյանն արձագանքեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀՇ վարչության նախագահի ու փոխնախագահի պաշտոններից հրաժարվել են Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, ովքեր այդպես էլ որեւէ կերպ չեն մեկնաբանել իրենց հրաժարականի պատճառները: