Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17  տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանը պատրաստ է կրել ցանկացած պատժաչափ միայն այն դեպքում, եթե այն համարժեք լինի իր մեղավորության չափին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նման հայտարարություն արեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը։

«Կապ չունի՝ ինձ ինչքան կտան, միայն ինձ դատեն իմ արածի, այլ ոչ թե չարածի համար»,-ասաց նա։

Նիստը նախագահող դատավորի հարցին, թե ինչ նպատակով է ամբաստանյալը  լիցքավորել ինքնաձիգը, ամբաստանյալն ասաց. «Ես Լյուքսին միայն վախեցնելու նպատակ  ունեի, ես չեմ մտածել, որ կրակոց կլինի»։

Դավիթ Խաչատրյանը նաեւ հերքեց, թե ինքը վիրավորվել է Լյուքսի հայհոյանքից ու դիտավորյալ կրակել նրան։ «Եթե ինձ նման հայհոյանք տար անծանոթ մարդը, ես չգիտեմ՝ ինչ կանեի, բայց իմ ընկերոջ հետ այդ հայհոյանքից հետո ոչ մի բան չէր լինի։ Դա միայն զինվորական ծառայության մեջ գտնվողներին բնորոշ չէ, դա որոշակի երեխայական տարիք կա, որ բոլորն էլ նման արտահայտություններ անում են»։

Հարցաքննության ընթացքում ամբաստանյալը նաեւ նշեց, որ զենքն իջեցնելու նպատակը այն լիցքաթափելն է եղել. «Իմ հրամանատարը մի քանի րոպեից գալու էր, եւ նրա աչքի առաջ ես պետք է լիցքաթափեի ինքնաձիգը, որը բնականաբար դատարկ պետք է լիներ»։ Հիշեցնենք, որ Դավիթի խոսքով, զենքը պատահաբար է կրակել՝ իջեցնելիս։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: