«Խորհրդարանում եղած կուսակցությունները 99 տոկոսով կաշառք են բաժանել ընտրվելու համար»,- հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Իսկ հանդիպմանը ներկա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշեց, որ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը եւս պատգամավորական ընտրություների ժամանակ կաշառք է բաժանել:
ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ երբ Նոր Նորքում պատգամավորի ընտրություններ էր, եւ ինքը եւս առաջադրել էր իր թեկնածությունը, ընդդիմադիր մամուլը հոդված էր տպագրել, իբր Ռաֆիկ Պետրոսյանն ընտրողներին ձու է բաժանում: «Զարմացա, թե ո՞րտեղից ենք բերել, ո՞նց ենք բաժանել: Պարզվեց, որ դա Տիգրան Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչն է բաժանել ընտրություններից 2 օր առաջ: Գտանք, կանչեցինք, այդ մարդուն, ասաց, որ այո բաժանել է, բայց ոչ թե ընտրության օրերին, այլ ընտրությունից առաջ՝ Զատիկին: Հետո «Ազատություն» ռադիոկայանը սկսեց հաղորդել, որ այդ ձվերը Կարապետյանինն էին»,-ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:
«Ես ձվեր չունեմ, ավելի ճիշտ այդ քանակի ձվեր չունեի բաժանելու»,- պատասխանեց Տիգրան Կարապետյանը:




























