Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք ամենեւին էլ պատահականություն չէր. այն նպատակ ուներ Ադրբեջանի կողմից ռազմական քայլի դիմելու դեպքում փորձարկել հայկական կողմի եւ միջազգային հանրության արձագանքը։

Հունիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասւլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով հունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինված խմբավորման մասին։

Նրա համոզմամբ, ադրբեջանական զինված խմբավորման հարձակումը ԼՂՀ վրա փորձ էր՝ պարզելու, թե որքան կհերիքի Հայաստանի եւ միջազգային հանրության համբերությունը հրադադարի ռեժիմի խախտման պարագայում։ «Իսկ միջազգային հանրության՝ մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի անհասցե դիմումը հակամարտող կողմերին՝ չխախտել եւ պահպանել 94-ին կնքված հրադադարի ռեժիմը, անթույլատրելի է, քանի որ Մինսկի խումբն իր այս մոտեցմամբ կատարվածի մեղքը, կարծես, հավասարապես բաշխում է երկու կողմերի միջեւ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին հետագայում դիմել ավելի լայնամասշտաբ գործողությունների»,- նկատեց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ Մինկի խմբի նմանօրինակ պահվածքը պատասխանատվությունից զերծ է  պահում Ադրբեջանին եւ կարծես ավելի սրում ստեղծված իրավիճակը։

«Միջազգային հանրության անողնաշար պահվածքը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի հայկական կողմը գնա առավելապես քաղաքական եւ ոչ երբեք՝ ռազմական պատասխան քայլերի»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ Ադրբեջանի նման երկրում, ուր վերահսկվում է ամեն ոք եւ ամեն բան, ԼՂՀ տարածք դիվերսիոն հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գիտության։

«Կարծում եմ՝ Ալիեւն անձամբ տեղյակ է եղել եւ պատասխանատվություն է կրում կատարվածի համար, քանի որ սա չէր կարող կատարվել առանց նրա գիտության»,- համոզմունք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է հավատալ իր «մուսկուլներին»:

«Այդ երկրի նախագահը մի չկատարված խոստում ունի իր ժողովրդին՝ ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ այդ բացը լրացնելու համար անում է ամեն բան»,- շեշետեց խորհրդարանականը։

Անդրադառնալով հայկական բանակի մարտունակության հարցին՝ Սաֆարյանը նկատեց, որ ադրբեջանական բանակի համեմատությամբ մերն, իրոք, առավել մարտունակ է, սակայն ճիշտ կլիներ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը այս առումով հանդես գար առավել համոզիչ փաստարկներով։ «Եթե կան նման բացթողումներ, պետք է լինեն նաեւ կադրային փոփոխություններ, ինչպես նաեւ խոսուն փաստեր, որ հայկական բանակի մարտունակության մասին խոսակցությունները միայն քարոզչության նպատակ չունեն»,- ամփոփեց Սաֆարյանը։

Նշենք, որ հունիսի 18-ին ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ: Մարտի արդյունքում զոհվել էին 4 հայ զինծառայողներ, եւս 4-ը՝ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մեկ դիակ: