Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության դիմաց հավաքված տոնավաճառների աշխատակիցներին, որոնք բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ, խնդրել է 20-հոգանոց պատվիրակություն կազմել եւ 40 րոպեից բարձրանալ իր մոտ՝ խնդիրը ներկայացնելու համար:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, վարչապետը մի քանի րոպե զրուցեց ցուցարարների հետ: Հարցին, թե հարկային ծառայության աշխատակիցներն իրավունք ունե՞ն մտնել տոնավաճառ եւ իրենցից ապրանքների ցուցակները պահանջել, վարչապետը պատասխանեց. «Ոչ չունեն»:

Լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ստիպելու խոշոր հարկատուներին փաստաթուղթ ներկայացնել, քանի որ նրանք փաստաթուղթ հարկայինին չեն ներկայացնում, վարչապետը պատասխանեց. «Կտան, կտան»։

Քաղաքացիները բողոքեցին, որ իրենք բոլորը վարկեր են վերցրել, եւ այդ փոփոխությամբ ավելի կծանրանա իրենց վիճակը: Վարչապետն ասաց, որ հասկանում է, բայց ավելի լավ կլինի, որ պատվիրակություն կազմեն ու ավելի հանգիստ պայմաններում քննարկեն խնդիրը:

Ցուցարարները յուրաքանչյուր տոնավաճառից 3-ական մարդ ընտրեցին, որոնք այժմ գտնվում են կառավարության շենքում եւ սպասում են վարչապետի հետ հանդիպմանը:

Նշենք, որ երբ Հովիկ Աբրահամյանն իջավ ներքեւ, ցուցարարներից մեկը ձեռքով բարեւեց նրան ու ասաց. «Դուք ամենալավ վարչապետն եք»:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:

Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: