Ղարաբաղյան հակամարտությունը նոր շրջափուլ է թեւակոխում: Հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի վերջերս կատարած դիվերսիան ամենեւին էլ վերջինը չէ:
«Պետք չէ մոռանալ, որ մեր առջեւ կանգնած է նույն թուրքն այլ անունով, եւ նա ունի մեկ նպատակ՝ վերցնել հողը: Ադրբեջանին պետք չէ ոչ մի կարգավորում, նրան պարզապես անհրաժեշտ են հողերը, ընդ որում՝ ամեն գնով»,-ասել է Շիրինյանը:
Փորձագետի կարծիքով, Հայաստանը պետք է դադարեցնի համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի հետ ու հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից: «Բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին: Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ցույց տվեց իր ռազմաքաղաքական ռազմավարությունը՝ մեկ դար առաջ հայերին թաղելով արյան մեջ: Պահը եկել է ամբողջ աշխարհին ասել, որ մենք հետ ենք պահանջում մեր հողերը, եւ սա միակ ընդունելի սկզբունք է»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ միջազգային միջնորդները Հայաստանի քթից բռնած ման են տալիս, իսկ այդ ժամանակ թշնամին զինվում է: «Մենք պետք է կանխարգելենք ռազմաքաղաքական ռազմավարությունը՝ առաջինը հարված հասցնելով»,-ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ Հայաստանն անընդհատ պետք է սպառազինվի:
Պատասխանելով NEWS.am թղթակցի հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից սադրանքի կրկնության դեպքում, քաղաքագետը նշել է, որ պետք է պատրաստվել պատերազմի: «1917 թվականից սկսած չի եղել մի դեպք, որ հայ զինվորը հաղթված լինի թուրք զինվորի կողմից: Հիմա էլ այդպես չի լինի»,-հավաստիացրեց նա՝ նշելով, որ ավելի լավ է լինել ագրեսոր, քան երկրորդ ցեղասպանությունը վերապրել:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել է Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը, ինչի արդյունքում հայկական կողմից զոհվել է չորս զինվոր, վիրավորվել՝ եւս չորսը:




























