Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին քննադատել է PKK-ի կողմից Թուրքիայիում վերջին շրջանում իրականացվող արյունոտ գործողությունները։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Մեսուդ Բարզանին նշել է, որ իրենք խստորեն քննդատում են օրեր առաջ PKK-ի կողմից Թուրքիայի Շեմդինլիի շրջանի զորամասերից մեկի վրա կատարած հարձակումը, որի ընթացքում սպանվել է 11 թուրք զինվորական։ «Հստակ ասում ենք, որ դա չի նպաստում քրդական դատին եւ փակում է խնդրի կարգավորման համար անհրաժեշտ խաղաղ ճանապարհները»,-նշել է Բարզանին՝ միաժամանակ կոչ անելով Թուրքիային, չռմբակոծել Իրաքի սահմանամերձ շրջանները, քանի որ դրա արդյունքում զոհվում են քաղաքացիական անձինք։
Նշենք, որ օրեր առաջ Մեսուդ Բարզանին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով այցելել էր Թուրքիա, որի ընթացքում քննարկվել է նաեւ PKK-ի խնդիրը։ Բարզանին թուրքական իշխանությունների հետ հանդիպման ընթացքում պաշտպանել է այն տեսակետը, որը PKK-ի խնդիրը պետք է առանց զենքի լուծել։



























