Կառավարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

NEWS.am-ը Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ նիստում քննարկվել է  Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի 2009-2011 թվականների միջոցառումների կատարման ընթացքը:

ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են վարչապետին նշված ժամանակահատվածում իրականացված  միջոցառումների եւ որոշ միջոցառումների չկատարման կամ ժամանակին չկատարման մասին:

Անդրադառնալով ՀՀ պետական գերատեսչությունների կողմից իրականացման ենթակա միջոցառումներին` վարչապետն ընդգծել է որոշ միջոցառումների վերանայման եւ վերաշարադրման անհրաժեշտությունը:

Կառավարության ղեկավարը ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել միջոցառումների իրականացման արդյունքում արձանագրված առաջընթացի վերաբերյալ: