Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է թուրքական լրատվամիջոցներին՝ գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար PKK-ին աջակցելու մեջ, եւ անդրադարձել է «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է արտակարգ դրություն մտցնել։
Թուրքիայի վարչապետը իր ղեկավարած «Արադարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում ելույթ ունենալիս նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունները ցանկանում են, ուժին՝ ուժով պատասխանել։ «Ասում են, թե անհրաժեշտ է արտակարգ դրություն հայտարարել։ Արտակարգ դրության դեմ հանդես եկողները, հիմա հայտարարում են, թե անհրաժեշտ է այն մտցնել։ Սակայն արտակարգ դրությունը որոշակի շրջանների բնակիչներին նեղություն կպատճառի, դասերը կդադարեցվեն, շենքեր կքանդվեն, կարգելվեն փողոց դուրս գալը, թերթեր բաժանելը։ Արտակարգ դրությունը կխորացնի ահաբեկչությունը։ Արտակարգ դրություն պահանջել՝ նշանակում է հանձնվել ահաբեկչությանը»,-նշել է Էրդողանը։
Իր ելույթում Թուրքիայի վարչապետը մեղադրել է թուրքական լրատվամիջոցներին։ «Լրատվամիջոցները այս իրավիճակում մտնում են զոհվածների տները, եւ ցույց տալիս արտասվող մայրերին։ Նրանք այդ քայլով ո՞ւմ են ծառայություն մատուցում։ Լրատվամիջոցները գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար ահաբեկչական կառույցին են աջակցում (նկատի ունի PKK-ն, խմբ.)։ Լրատվամիջոցները այնպիսի բաներ են ցուցադրում, որ ուրախացնում են PKK-ին»,-ամփոփել է Թուրքիայի վարչապետը։



























