Նախորդ տարվա փետրվարին Երեւանի քաղաքապետարանը AcTrade Soft ՏՏ ոլորտի կազմակերպությանը գրասենյակի տարածքում ձյան եւ սառույցի շերտը չմաքրելու համար 20 հազար դրամով տուգանել է՝ արձանագրության մեջ գրելով, որ այն մթերային խանութ է: Կազմակերպության տնօրենը՝ Տիգրան Սարգսյանը, անօրինական է համարում այդ արձանագրությունը եւ այն վիճարկում է ՀՀ վարչական դատարանում:
«Նախորդ տարվա փետրվարին արձանագրություն կազմեցին, որ իբր Բաղրամյան 31 հասցեում գտնվող մթերային խանութի տարածքը ձյան եւ սառույցի շերտից մաքրված չէ, իբր քաղաքապետարանի աշխատակիցը մտել է գրասենյակի տարածք, տնօրենն իրեն չի ընդունել, սակայն այս ամենը սուտ է: Իմ գրասենյակն էլ մթերային խանութ չէ, այլ ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպություն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:
Կազմակերպության տնօրենը պատմեց, որ իրենք ունեն տարածքի տեսագրություններ, որտեղ երեւում է, որ քաղաքապետարանի կողմից կազմված արձանագրությունում գրված ամսաթվին տարածքում ոչ ոք չի եղել:
«Մեր տեսագրություններում պարզ երեւում է, որ բացի անտեր շներից ոչ ոք չի եղել այդ տարածքում, միայն մեր հաճախորդներն են եղել, որոնց առաջ մեր տարածքը միշտ մաքուր ենք պահում, ու ոչ մի անծանոթ տարածք մուտք չի գործել, որ մի հատ էլ ես իրեն ընդունեի, կամ չընդունեի»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ այսօր դատական նիստը հետաձգվեց՝ պատասխանողի՝ քաղաքապետարանի ներկայացուցչի եւ վկայի՝ արձանագրությունը կազմողի, չներկայանալու պատճառով:
«Այսօր պիտի այդ արձանագրություն կազմողը գար՝ վկայություն տալու, սակայն չէր եկել: Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ գալու էր կեղծ վկայություն տար, դրա համար էլ քրեական պատասխանատվության կենթարկվեր, քանի որ այսօր նկարներ եմ ներկայացրել, որ իմ կազմակերպությունը մթերային խանութ չէ, այլ գրասենյակային տարածք, մյուս անգամ էլ տեսանկարած տարբերակը կներկայացնեմ, որ եւս մեկ անգամ հաստատվի, որ նրանց կազմած արձանագրությունը կեղծ է եւ անօրինական»,-ասաց կազմակերպության տնօրենը:
Նրա խոսքով՝ իր համար կարեւորը 20 հազար դրամ տուգանքը չէ, այլ այն, որ քաղաքապետարանը կեղծ արձանագրություններ է կազմում:
«Իմ խորին համոզմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցները ինչ-որ պատվեր ունեն տարածքներում շրջել, նկարել եւ ասենք մի 100 հոգու ուղարկել նամակներ: 100-ից 90-ը կամ խեղճ կգտնվեն, կամ հավես չեն ունենա բողոքարկելու, կամ համակարգին ծանոթ լինելով կհասկանան, որ անիմաստ է, ու սուսուփուս կվճարեն այդ տուգանքները: Իսկ այն մարդիկ, որոնք բողոքում են անարդարութան դեմ, ուզում են պայքարել, նրանց համար նման արհեստական խնդիրներ են ստեղծում, որ մարդիկ հիասթափվեն, բայց ես հիասթափվող պտուղ չեմ, մինչեւ վերջ գնալու եմ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ էր քաղաքապետարանին ուղղակի տալ այդ 20 հազար դրամը, սակայն սկզբունքորեն չի տա. «Եթե քաղաքապետարանի աշխատողը գար, մուրացկանություն աներ, խնդրեր, ես իմ գրպանից կտայի էդ փողը, բայց էս կարգի նագլի կերպով եթե ուզում են խլել ձեռքիցդ, ո՞վ են իրանք, որ իրենց տենց բան են թույլ տալիս: Ես դա անբարոյական քայլ եմ համարում իրենց կողմից»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 25-ին:











