Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր մի քանի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դեռ պարզ չէ` Հայաստանում ուրան կա՞, թե՞ ոչ: Մինչ այդ հայտարարվել էր, որ միայն Սյունիքի Լեռնաձոր գյուղի մերձակա տեղանքում ուրանի պաշարները կազմում են մոտ 30 հազ. տոննա:
Սակայն նախարար Մովսիսյանն ասաց, որ առայժմ հայտնաբերվել են միայն ուրանի երեւակումներ, իսկ պաշարների մասին ստույգ կարելի է խոսել միայն ուսումնասիրություններից հետո: Նախորդ ուսումնասիրությունները կատարվել են 50-ական թվականներին, որից հետո եզրակացվել է, որ հայտնաբերված պաշարները հզորությամբ եւ պարունակությամբ չէն համապատասխանում այն ժամանակվա տեխնոլոգիական չափանիշներին: Սակայն, ըստ Մովսիսյանի, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս հուսալ, որ Հայաստանում եւս հնարավոր է ուրանի արդյունահանում: Աշխատանքներն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը», որի բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ «Ռոսատոմը»:
Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Լեռնաձորի (գտնվում է Կապանի եւ Քաջարանի միջեւ) մերձակայքում կիրականացվեն հորատումներ: Այն հարցին, թե արդյո՞ք նման հորատումները ռադիացիոն վտանգ չեն ստեղծի, նախարարը միանշանակ բացասական պատասխան տվեց: «Ես ինքս Սյունիքից եմ, կապանցի եմ, ծնվել եւ մեծացել եմ այնտեղ, 10-15 տարի է` ինչ տեղափոխվել եմ Երեւան: Առաջին հերթին ես եմ շահագրգռված, որ Սյունիքի բնակիչը չտուժի»,- ասաց Մովսիսյանը: Նրա համոզմամբ` եթե պաշարներ հայտնաբերվեն ու հանքը ճիշտ ձեւով շահագործվի, շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար վտանգներ չի լինի:
Սակայն Լեռնաձոր գյուղի բնակիչները հավաստիացնում են, որ 60-ական թվականներին կատարված առաջին իսկ հորատումից հետո սատկեցին գյուղի անասնագոմի բոլոր անասունները: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուրան պարունակող ապարները պարտադիր պարունակում են նաեւ ռադոն, որն էլ հորանցք փորելիս ռադիացիոն վտանգ է ստեղծում:
Մովսիսյանը բացառեց նաեւ, որ վտանգվում են ստորերկյա ջրերը: «Սյունիքը ստորերկյա ջրերից զերծ տարածք է: Ինչ խորությամբ էլ ծակեք` ջուր չեք գտնի»,- ասաց նախարարը:
Մովսիսյանի կարծիքով` առայժմ 50-50 է հավանականությունը, որ Հայաստանում ուրանի պաշարները բավարար կլինեն արդյունահանման համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ տվյալ տարածքում ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է` չի գերազանցում 16 միլիռենտգենը:
Սամվել Ավագյան




























