Արեւային մարտկոցով աշխատող ավտոմեքենային հաջողվել է անցնել 560 կմ` Լոս-Անջելեսից մինչեւ Սան Ֆրանցիսկո, հաղորդում է France-Presse գործակալությունը:
Stella ավտոմեքենան մեկ լիցքավորումից հետո ընդունակ է տեղաշարժվել մինչեւ 800 կմ: Ավտոմեքենայի զարգացրած արագությունը ժամում մոտ 70 կմ է, իսկ առավելագույն արագությունը` 120 կմ/ժ: Մեքենան ստեղծել է նիդերլանդական Solar Team Eindhoven ընկերությունը:
Stella-ի համար արեւային մարտկոցների արժեքը 2.6 հազար եվրո է: Մեքենայի կորպուսը հիմնականում բաղկացած է ալյումինից եւ ածխածնային մանրաթելից: Մեքենայի ընդհանուր քաշը մոտ 380 կգ է, հաղորդում է Lenta.ru-ն:
Մեքենան ստեղծողների խոսքով` խոշոր ընկերությունները զգուշավորությամբ են վերաբերում էլեկտրաավտոմեքենաներին: Այդուհանդերձ, կան նաեւ նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող շատ ղեկավարաներ:




























