Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր`հունիսի 22-ին ընդունել է Իրանի գործարարների պատվիրակությանը։ Իրանցի գործարարների պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Երեւանում կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովի շրջանակներում։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան եւ Հայաստան–Իրան Առեւտրաարդյունաբերական Պալատի պատվավոր նախագահ Լեւոն Ահարոնյանը։

Բարձր  գնահատելով Հայաստանի եւ Իրանի միջեւ ծավալված քաղաքական համագործակցության մակարդակը` վարչապետը կարեւորել է տնտեսական համագործակցության խորացումը եւ առկա ներուժի լիարժեք օգտագործումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 18-ին Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպված գործարար համաժողովի արդյունքներին։ Իրանցի գործարարները տեղեկացրել են, որ համաժողովում քննարկվել են Հայաստանի ներդրումային ու հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ հեռանկարները։ Փոխադարձաբար կարեւորվել է գործարար համաժողովների պարբերաբար կազմակերպումը` նպատակաուղղված երկու երկրների մասնավոր հատվածների միջեւ տնտեսական կապերի աշխուժացմանը։