Քալիֆորնիական Գլենդել քաղաքը երթեւեկության տեսակետից ամենաքիչ անվտանգ քաղաքներից է. հավանականությունը, որ քաղաքի ավտովարորդները վթարի մեջ կհայտնվեն, երկրի միջին ցուցանիշի համեմատ բարձր է 72.6%-ով: Այս մասին գրում է «Glendale News-Press» պարբերականը՝ վկայակոչելով ապահովագրական ընկերության նոր զեկույցը:

Դրա համաձայն, Գլենդելն ԱՄՆ 200 խոշորագույն քաղաքների ցուցակում երթեւեկության անվտանգության առումով 194-րդ տեղում է: Իսկ Կալիֆորնիայի քաղաքների շարքում այդ ցուցանիշով Գլենդելը զբաղեցնում է վերջին տեղը:

Նշենք, որ քալիֆորնիական այդ քաղաքում հայկական մեծ համայնք կա: Որոշ տվյալներով՝ հայերը կազմում են այդ քաղաքի բնակչության ավելի քան մեկ երրորդը: