Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցողը պետք է է դիտարկել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը:
«Այսօր բոլորիս աչքի առջեւ են Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, երբ կրոնական եւ ազգային փոքրամասնությունները դառնում են ատելություն դավանող խմբերի թիրախ: Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց ու պայթեցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որեւէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող:
Սիրիայում եւ Իրաքի հյուսիսում ստեղծված աղետալի իրավիճակն ահագնանում է օր-օրի, եւ այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարավոր խաղաղ մարդիկ, այդ թվում նաեւ` Հալեպի տասնյակ հազարավոր հայերը: Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության եւ Իրաքի հյուսիս-արեւմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, եւ քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում»:











