Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները նպատակ ունեն խուճապ առաջ բերել Հայաստանի զինված ուժերում։ NEWS.am- թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նախկին ազատամարտիկ, «Սարդարապատ» շարժման անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հատկապես վերջին մի քանի օրերին հնչող ռազմատենչ հայտարարություններին։
«Ադրբեջանը թեեւ նման հայտարարություններ է անում, սակայն իրականում մտադիր չէ պատերազմ սկսել, քանի որ գիտի, որ  պատերազմ սկսելու դեպքում շատ լուրջ հակահարվածի կարժանանա։ Շատ հնարավոր է, որ այդ՝ անուղղակի հակահարվածը լինի հենց Ռուսաստանի կողմից»,- ասաց Մալխասյանն ու ընդգծեց, որ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը տուժելու է։

«Տուժելու է՝ ոչ այն պատճառով, որ մենք շատ հզոր բանակ ունենք, այլ գերտերությունների  շահերն են այդպես պահանջում. նրանք այնպիսի վիճակ առաջ կբերեն, որ Ադրբեջանը սարսափելի կորուստներ կունենա։ Սա շատ լավ գիտակցելով էլ   Ադրբեջանը երբեք չի գնա պատերազմական գործողությունների վերսկսմանը»,-նկատեց Մալխասյանը։ Նախկին ազատամարտիկը հիշեցրեց նաեւ, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարություններ է անում պատերազմական գործողությունները վերսկսելու մասին, սակայն համարձակությունը չի հերիքում խոսքից գործի անցնելու համար։ «Դրանք սին հայտարարություններ ու դատարկ խոսքեր են։

Երբ պետության գլխավոր-գերագույն հրամանատարը պոռոտախոսում է, սակայն  իր խոսքին տեր չի կանգնում, նա վերածվում է շարքային ստախոսի»,-նկատեց ընդդիմադիր գործիչը։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի նման՝ հաճախակիացող հայտարարությունները մեկ այլ նպատակ էլ ունեն՝ շանտաժի ենթարկել գերտերություններին, որպեսզի վերջիններս արագացնեն ԼՂ խնդրի կարգավորումը։ Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ նաեւ օրերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիային՝ նշելով, թե այդ գործողության նպատակը ոչ թե կրկին պատերազմ սանձազերծելն է, այլ մեր բանակի մարտական ոգին թուլացնելը եւ վախի ու խուճապի տրամադրություն առաջ բերելը։  

Հարցին՝ ինչիպիսի՞ն պետք է լինի Հայաստանի պաշտոնական արձագանքը նման հայտարարություններին, նա ասաց.  «Հայաստանը պետք է խիստ դիրքերից հանդես գա։ Տպավորություն է, թե մեր երկիրը ձայնը կտրել  ու մի անկյուն է քաշվել, եւ ով՝ ինչ ասում ու հայտարարում է, ոչ մի կերպ չի արձագանքում։ Գուցե այն պատճառով, որ ինչ էլ ասի, լուրջ չի ընկալվելու, քանի որ  Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը մինչեւ այժմ տեր չեն կանգնել իրենց ասածներին։ Հիշենք թեկուզ Թուրքիա գնալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Թուրքիա կգնա միայն այն ժամանակ, երբ սահմանը բաց կլինի կամ էլ կլինենք դրա նախաշեմին։ Սակայն նա տեր չկանգնեց իր խոսքին, ինչը դիվանագիտության մեջ խայտառակ քայլ է, ինչի հետեւանքով մեկ այլ ճակատում՝ ԼՂ խնդրով ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի դիվանագիտական վարկը էապես  ընկավ»,-նշեց Մալխասյանը։