«ԱրմենՏել» ընկերությունը բաժանորդներին խորհուրդ է տալիս հրաժարվել ինտերնետի dial-up տեխնոլոգիայից եւ օգտվել ինտերնետ կապի այլ տեսակներից։ Հունիսի 22-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ պարզաբանելով, որ dial-up տեխնոլոգիայով գործող վիրուսային ծրագրերը վտանգավոր են, եւ բացի նրանից, որ կրող են վնաս հասցնել համակարգչին, ավտոմատ զանգեր են կատարում, եւ ամսվա վերջում բաժանորդը ակամայից հեռախոսավարձի հսկայական պարտքեր է կուտակում, որոնք «ԱրմենՏելը», հնարավորության դեպքում, ներում է բաժանորդին։
«ԱրմենՏելի» ղեկավարության հայտարարության մեջ անդրադարձ կար նաեւ մամուլում վերջերս տեղ գտած այն հրապարակումներին, թե իբր միջազգային իրավապահ կազմակերպություններ ներառված են եղել ընկերության գործունեության կամ բաժանորդների հաշիվների գումարների ներման գործընթացում։ «Այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հիվանդ երևակայության արդյունք են»,- նշվեց հայտարարությունում:
Տեղեկացնենք, որ նմանատիպ պնդումները հերքելու նպատակով ընկերությունը մտադիր է դիմել Ինտերպոլ՝ պաշտոնական բացատրության համար։ Պատասխանը հրապարակվելու է։ Ընկերությունը վստահեցնում է, որ խորապես հետաքրքրված է նման խարդախությունները հնարավորինս արագ հայտնաբերելու եւ վերացնելու հարցում: Իսկ ինտերնետ վիրուսների կողմից կոմերցիոն համարներին կատարված զանգերից ստացված գումարը «ԱրմենՏելը» վճարում է միջազգային օպերատորներին:




























