«ԱրմենՏելը» դեռեւս մտադիր չէ միանալ «Արմիքս» հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամին, որովհետեւ պարզ չէ, թե ինչ պայմաններ են առաջարկում ընկերությանը։ NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։ «Արմիքսը» դեռ ձեւավորման փուլում է, եւ անհասկանալի է, թե ինչ օգուտ կունենա «ԱրմենՏելը» հիմնադրամին միանալու դեպքում»,- նշեց Կլիմկոն՝ ավելացնելով, թե «Արմիքսի» դրական կողմերից մեկն այն է, որ անդամ կազմակերպությունները միմյանց միջեւ պիրինգային կապ են ապահովում, այսինքն՝ այս պրովայդերների միջեւ ինտերնետ հասանելիությունը ավելի արագ է գործում, քան մյուսների հետ։

Նշենք, որ Հայաստանում գործող պրովայդերներից ինտերնետ հասանելիության ամենամեծ լարային ցանցն «ԱրմենՏելին» է պատկանում, իսկ «Արմիքսին» անդամակցող պրովայդերները նոր են միայն զարգացնում ցանցը, այն էլ միայն Երեւանի տարածքում։

Կլիմկոն տեղեկացրեց նաեւ, որ վերջին տարիներին ցանցի բարելավման համար «ԱրմենՏելը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է կատարել», եւ իր հետ համագործակցողներին առաջարկում է բոլոր այն պայմանները, որն առաջարկում է հիմնադրամը։

«Մենք այժմ առաջարկում ենք մեր սերվերներին անվճար տեղադրել հայկական կայքերի ինֆորմացիան»,-ասաց գլխավոր տնօրենը՝ ավելացնելով, որ իրենք մեծացրել են նաեւ ինտերնետի արտաքին տրաֆիկի հասանելիության ծավալը։