Ֆինանսների նախարարությունը վերջապես կառավարության հաստատմանն է ներկայացրել այն խոշոր ընկերությունների ցանկը, որտեղ պետք է հարկային ներկայացուցիչներ նշանակվեն: Սպասվում է, որ ցանկը կհաստատվի հունիսի 24-ի նիստում: Ցանկում ներառված են ընդամենը 24 կազմակերպություններ, որոնցից, ի դեպ, ոչ բոլորն են հանրությանը հայտնի:

Առաջին հայացքից աչքի է զարնում դեղերի բիզնեսով զբաղվող ընկերությունների մեծ քանակը: Դրանք 4-ն են` «Ֆարմատեք», «Վագա-ֆարմ», «Ալֆա-ֆարմ» եւ «Նատալի ֆարմ»: Այս որոշումը հավանաբար կապված է դեղերի շուկայում առկա գնային տատանումների հետ:

Ցանկում է հայտնվել նաեւ «Օրիֆլեյմ քոսմեթիքս» ընկերությունը: Այս ընկերության հայտնվելը բավական հետաքրքիր է, եթե հաշվի առնենք, որ այն չունի խանութների ցանց, իսկ իրացումը կազմակերպում է անհատ անձանց միջոցով: Ի դեպ` կոսմետիկայի բնագավառը ցանկում ներկայացված է նաեւ «ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» ընկերությամբ:

Դատելով ցանկից` կառավարությունն  ամենաշատը չի վստահում սիգարետի բիզնեսին, որոնց բոլոր խոշոր ներկայացուցիչներն էլ հայտնվել են այնտեղ, թվով` 7 ընկերություն: Դրանք են` «Վիդիս դիսթրիբյուշնը», «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Մասիս տոբակոն», «Ավերսը», «ՍՊՍ Սիգարոնը», «Հարդ Լայթսը», «Արսօյլը»:

Ոչ ոքի չի զարմացնի նաեւ հանրապետության խոշորագույն ընկերություններից մեկի, մի շարք շուկաներում (շաքարավազի, ձեթի, հացահատիկի եւ այլն) գերիշխող դիրքեր գրավող «Ալեքս Գրիգի» հայտնվելը ցանկում: Պարենային ապրանքներ ներմուծողներից ցանկում են նաեւ «Վեգեքոմը», որը ներմուծում է ձիթապտղի ձեթ, պահածոյացված սունկ, եգիպտացորեն, հայտնի է նաեւ նրանով, որ մատակարարում է ՀԴՄ կտրոններ:

Ձկան պահածոների արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ընկերությունը եւս հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:

Բրնձի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Մոկոնաթը» նույնպես ցանկում է: Այստեղ մի փոքր զարմանք է հարուցում այն փաստը, որ այդ շուկայում առավել մեծ մասնաբաժին ունեցող «Կարի Թովը» դուրս է մնացել կառավարության ուշադրությունից:

Ակնհայտորեն չի բերել ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի բախտը, որին պատկանող 2 ընկերություններն էլ` «ԴԵՐԺԱՎԱ-Ս» եւ «Սլավ Գրուփ» կաշխատեն հարկային ներկայացուցիչների ուղեկցությամբ: Նշենք, որ «ԴԵՐԺԱՎԱ-Ս»-ը շոկոլադի շուկայի խոշոր մատակարարներից է, Հայաստանում ներկայացնում է CHUPA CHUPS, DIROL, CADBURY, HUGGIES, MARS, WRIGLEY եւ այլ հայտնի ապրանքանիշեր:

Չնայած այն հանգամանքին, որ ձիթապտղի շուկայում մի շարք խոշոր ընկերություններ կան, կառավարության անվստահությունն առայժմ վայելում է «Ադամիումը», որը նույնպես հայտնվել է ցանկում:

Ալկոհոլային խմիչքների բիզնեսը ցանկում ներկայացված է միայն մեկ ընկերությամբ` «Սարգիս Կարոլինա»: