Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներն ավարտվել են Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ հանդիպմամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, այդ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ խորհրդարանական դիվանագիտությունը, որպես երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակ, պետք է լավագույնս կիրառել` ի շահ երկու ժողովուրդների:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, ինչի մասին է վկայում Հայաստան եւ Հարավային Կովկասի այլ երկրներ գերմանական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունների հաճախականությունը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը նաեւ բազմակողմ ձեւաչափերով, մասնավորապես` եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների խորհրդարանական մարմինների շրջանակներում: Կողմերը հույս են հայտնել, որ Բունդեսթագի նորակազմ «Կովկաս» բարեկամական խմբի եւ Հայաստանի խորհրդարանի միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ` շարունակելով նախորդ տարիների ավանդույթը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Բունդեսթագի նախագահը կարեւորել է այդ երկրների ` Եվրամիության հետ սերտ գործակցության ձգտումը, իսկ ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի վերաբերյալ նշել, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ընդունի եվրոպական չափանիշները:




























