Ինչպե՞ս են զարգանում համացանցով ծանոթացած մարդկանց հարաբերությունները: Այս հարցին պատասխանել է Միչիգանի համալսարանի ուսումնասիրող Էդիթի Փոլը: Նա հանգել է այն եզրակացության, որ ծանոթությունների կայքերն ու սոցցանցերը լուրջ հարաբերությունների համար լավագույն վայրը չեն: Ուսումնասիրությունը հրապարակվել է Cyberpsychology, Behavior, and Social Networking գիտական ամսագրում, որտեղից մեջբերում է Lenta.ru-ն:
«Վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում համացանցային ծանոթությունները. Զարգանում են մասնագիտացված կայքեր, ստեղծվում են զուգընկերոջ որոնման բջջային ծառայություններ: Որոշ գիտնականներ գրում են, որ համացանցային ծանոթությունները երկար չեն շարունակվում, ուրիշներն էլ կարծում են, որ այդ հարաբերությունները վատ հեռանկարներ չունեն», - գրված է ամսագրում:
Էդիթի Փոլը վերլուծել է իրական կյանքում եւ ցանցում սկսված հարաբերությունների ելքը: 2923 մասնակիցների շրջանում անցկացված հարցումը թույլ է տվել կատարել հետեւյալ եզրահանգումը. փողոցում եւ սրճարանում ծանոթությունները 67%-ի պարագայում ավարտվել են ամուսնությամբ, այն դեպքում, երբ համացանցային ծանոթությունների միայն 32%-ն է նման ելք ունեցել: Ամուսնալուծությունների ցուցանիշը եւս տարբերվում է. 3 տարվա ընթացքում իրական կյանքում ծանոթացածների միայն 2%-ն է բաժանվել, համացանցով ծանոթացածների՝ 8%-ը:
Պրոֆեսորն ասում է, որ սոցցանցերում ծանոթության առավելությունները կարող են նաեւ թերություններ լինել: «Հավանական զուգընկերոջ ընտրության մեծ հնարավորությունը բարդացնում է վերջնական որոշման կայացումը եւ հանգեցնում մշտական երկմտանքի, իսկ օգտվողների տվյալներն էլ ոչ միշտ են համապատասխանում իրականությանը»:




























