Իրանը վստահաբար բացառում է ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունը: Այդ մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը:
«Ցանկացած հակամարտություն եւ բախում չի նպաստելու որեւէ ժողովրդի: Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի խաղաղ բանակցությունների արդյունքում»,- հայտարարեց դեսպանը:
Անդրադառնալով հունիսի 18-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին՝ Սաղայիանը ուշագրավ մի հայտարարություն արեց, թե «դա տարածաշրջանից դուրս ուժերի սադրանքի հետեւանք է»: Հայտարարությունը մանրամասնելու լրագրողների խնդրանքը, սակայն, մնաց անպատասխան, քանի որ արեւելյան դիվանագիտությանը հատուկ խորամանկությամբ լղոզեց պատասխանը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել էր ներխուժել Լեռնային Ղարաբաղի տարածք: հայկական ուժերի զգոնության արդյունքում տեղի էր ունեցել մերձամարտ, որի ընթացքում զոհվել էին 4 հայ զինվորներ, եւս 4-ը վիրավորվել էին:
Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ թողնելով մեկ դիակ:




























