Երեւանում Հայաստան-ՆԱՏՕ անհատական համագործակցության եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Հայաստան-2010» ուսումնավարժական հավաքների պլանավորման խորհրդաժողովը, որի նպատակն է կազմակերպչական հարցերի վերջնական կարգավորումը:
«Մենք լուրջ աշխատանքներ ենք տանում՝ ուղղված արտակարգ իրավիճակներում ռիսկերը նվազագույնի հասցնելու ազգային պլատֆորմի ստեղծմանը, որը կդառնա առաջինը տարածաշրջանում»,- ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Էդիկ Բարսեղյանը: Նրա խոսքով, նման ազգային պլատֆորմներ կան միայն 50 երկրներում: Հայաստանում այն կստեղծվի մինչեւ այս տարվա վերջ:
Ինչ վերաբերում է ուսումնամարզական հավաքներին, փոխնախարարը նշել է, որ հայ փրկարարները կարող են փորձ ձեռք բերել ՆԱՏՕ-ի իրենց գործընկերներից եւ կարող են անհրաժեշտության դեպքում օգնության հասնել տարածաշրջանի երկրներին:
ՆԱՏՕ-ի աղետների համակարգման կենտրոնի ղեկավար Գյունտեր Բրեդշնայդերն իր հերթին նշել է, որ խորհրդաժողովին մասնակցում են ավելի քան 20 երկրներ, որոնց շարքում են թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, թե՛ կազմակերպության գործընկերներ:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Հայաստան-2010» ուսումնավարժական հավաքների վերջնական պլանավորման հետ կապված հարցերը կանցնեն Հայաստանում, այս տարվա սեպտեմբերին:




























