«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն հրապարակել է կապիտալի շուկային նվիրված ուսուցողական ձեռնարկ, որի առիթով այսօր բորսայում տեղի ունեցավ շնորհանդես:

Ձեռնարկն իրենից ներկայացնում է գունագեղ նկարներով, մատչելի, անմիջական եւ աշխույժ բովանդակությամբ գրքույկ: Նկարների հեղինակը նկարիչ Ալեքսանդր Մարությանն է:

Գրքույկը սկսվում է նրանով, որ հայրը որդուն նվիրում է բաժնետոմսեր` դպրոցն ավարտելու կապակցությամբ: Այնուհետեւ բացահայտվում են արժեթղթերի տարբեր տեսակների էությունը, ներդրումային գործարքները, ներդրումային ընկերությունների եւ բորսայի կողմից մատուցվող ծառայությունները եւ այլն: Ձեռնարկը հրատարակվել է Մասկատի ֆոնդային բորսայի աջակցությամբ:

Ֆոնդային բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանի կարծիքով` ներկա պահին հանրությունը կապիտալի շուկայի մասին ունի իրազեկման շատ ցածր մակարդակ: Գրքույկն էլ ավելի շատ նախատեսված է երիտասարդության համար: Այն կտպագրվի 2000 տպաքանակով եւ անվճար կտարածվի, հատկապես` բուհերում:

Բորսայի աշխատակիցները հույս հայտնեցին, որ կգա ժամանակ, երբ արժեթղթեր նվիրելը կլինի նույնքան պատվաբեր, որքան ծաղիկներ կամ հուշանվերներ նվիրելը: