Ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացող հասարակական դիտորդական խմբի հիմնական գործառութը այդ հիմնարկներում պահվող մարդկանց վիճակին, նրանց կենցաղային պայմաներին հետեւելն է եւ պարզելը, թե որքանով են դրանք համապատասխանում ընդունված չափանիշներին։ Այս մասին հունիսի 23-ին տեղի ունեցած տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացող հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը։
Նրա խոսքով, դիտորդական խումբն իր տարեկան զեկույցում փորձ է անում ներկայացնել եւ նպաստել ՁՊՎ-ներում առկա ամենատարբեր բնույթի խնդիրների լուծմանը։ «Մեր հիմնական նպատակը ՁՊՎ-ների շենքային պայմաններին, այդ հիմնակներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, այնտեղ գտնվող մարդկանց վիճակին հետեւելն ու առկա բոլոր խնդիրների մասին բարձրաձայնելն է, ինչն էլ գրեթե հինգ տարի բավական արդյունավետ կերպով իրականացնում ենք՝ ՀՀ ոստիկանության հետ համատեղ»,- տեղեկացրեց Սուրեն Իսկանդարյանը։
Որպես ՁՊՎ-ներում ամենաակնհայտ խախտումներ՝ դիտորդական խմբի նախագահն առանձնացրեց բուժսենյակներ չլինելու, հանձնուքները հասցեատերերին ժամանակին չհասնելու, այդ հիմնարկներում քարտաֆոնների բացակայության եւ մի շարք այլ խնդիրներ։ «Մինչ այժմ իրականացրած դիտորդական աշխատանքների ընթացքում, օրինակ, եղել ենք այնպիսի ՁՊՎ-ներում, որոնցում համապատասխան դեղորայք կամ ընդհանրապես չի եղել, կամ էլ եղել է ժամկետանց։ Շատ ՁՊՎ-ներում անգամ առանձին բուժսենյակներ եւ բուժզննման գրքույկներ չկան, մինչդեռ դա նման հիմնարկությունների համար պարտադիր է։ Մի առանձին խնդիր է քարտաֆոնների բացակայությունը, ինչը խոչընդոտում է կալանավորված կամ ձերբակալված անձանց շփումն արտաքին աշխարհի, իրենց հարազատների հետ»,- նշեց Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացող հասարակական դիտորդական խմբի նախագահը՝ ակնառու բացթողումների շարքում դասակարգելով նաեւ ՁՊՎ-ներում առկա շենքային պայմանները՝ մանավանդ սանիտարահիգիենիկության առումով, ինչպես նաեւ կալանավորված անձանց եւ նրանց հարազատների տեսակցությունների խոչընդոտման վերաբերյալ հարցերը։
Ամփոփելով՝ Սուրեն Իսկանդարյանը նշեց, որ թեպետ ոլորտում առկա խնդիրները շատ են, սակայն ինքը հույս ունի, որ դրանք կլուծվեն ամենակարճ ժամկետներում։
Նշենք, որ ՀՀ Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացող հասարակական դիտորդական խմբի 2009 թվականի տարեկան զեկույցի ներկայացմանը նախատեսված էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությունը, ովքեր, սակայն, այդպես էլ չներկայացան քննարկումներին։



























