Չնայած Հայաստանի տնտեսական աճը մոտենում է երկնիշ մակարդակին, իսկ պաշտոնական շրջանակները շտապում են հայտարարել ճգնաժամից դուրս գալու մասին, հայկական ընկերություններն այս տարի դեռեւս արժեթղթերի ոչ մի էմիսիա չեն իրականացրել: Ազատ շուկայական համակարգերում հենց արժեթղթերի շուկան է հանդիսանում տնտեսական գործընթացների հիմնական ինդիկատորը:
Ֆոնդային բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանը կապիտալի շուկայի պասիվացումը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Պարտատոմսերի թողարկումը ընկերության համար այլընտրանք է վարկային ռեսուրսներին: Այսօրվա դրությամբ տոկոսադրույքներն այնպիսին են, որ ձեռնտու չէ պարտատոմս թողարկելը: Վարկային տոկոսադրույքի և պարտատոմսի տոկոսադրույքի մարժան ներկայում շատ է փոքրացել: Մեզ մոտ կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքներն առավելագույնը թողարկվել են 11 տոկոսով, իսկ պետական պարտատոմսերն ունեն 13-15 տոկոս եկամտաբերություն: Վարկերի ու պետական պարտատոմսերի համեմատ՝ կորպորաատիվ պարտատոմսերը մրցունակ չեն»:
«Արմսվիսբանկի» ներդրումային դեպարտամենտի ղեկավար Կարեն Դուրյանը եւս համարում է, որ պետական պարտատոմսերը կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հիմնական խոչընդոտն են: «Պետական պարտատոմսերի եկամտաբերությունները հիմա նվազում են, եթե դա կայուն միտում ձեռք բերի, կայունանա 10 տոկոսից ցածր մակարդակի վրա, կարող եմ ասել, որ մի կես տարի հետո գուցե կորպորատիվ արժեթղթերը առաջարկվեն»,- NEWS.am-ին ասաց Կ. Դուրյանը: Նա տեղեկացրեց, որ վերջին սակարկություններում 5 տարի ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունն իջել է մինչեւ 13.5 տոկոս: Ավելի վաղ դրանց եկամտաբերությունը գերազանցում էր 15 տոկոսը:
Սամվել Ավագյան




























