Այսօր` հունիսի 23-ին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում շրջանավարտները (1308 դիմորդ-շրջանավարտ) «Ռուսաց լեզու» առարկայից հանձնում են իրենց վերջին պետական ավարտական եւ միասնական քննությունը: Ձեւավորվել է 13 քննական կենտրոն:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանը, ամփոփելով միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները, լրագրողներին ասել է. «Կազմակերպչական առումով այս քննությունները շատ ավելի լավ են անցել, քան նախորդ տարիներին։ Նախկինում մեզ մեղադրում էին, որ քննության ընթացքում շրջանավարտները հաճախ հուշում են իրար, արդյունքում վատ սովորող երեխան բարձր միավորներ էր ստանում։ Այս տարի նման դեպքերը բացառվել են»։ Նրա խոսքով, այս տարի նախորդ տարիների համեմատությամբ քննությունների արդյունքների միջին միավորը ցածր է, ինչը պայմանների խստացման արդյունք է, սակայն «ցածր բալերով բոլորը կընդունվեն»:
Գ. Խաչատրյանը տեղեկացրել է, որ հունիսի 24-ից սկսվում է հանրակրթական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Քիմիա» եւ այլ առարկաների լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել հիմնական փուլի քննություններին չմասնակցած եւ հարգելի պատճառով բացակայած դիմորդները, միասնական քննության ավարտական մասը` Ա մակարդակը չհաղթահարած շրջանավարտները, ինչպես նաեւ Սփյուռքի շրջանավարտները, զորացրվածները եւ այլն:
Դիմորդները հայտերը Գնահատման եւ թեստավորման կենտրոն կարող են ներկայացնել հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 1-ը:




























