«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը համարժեք չէր Մարտակերտի շրջանում հունիսի 18-ին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիային»,- հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Ըստ նրա՝ այդ գործողության նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ճնշումներ բանեցնելն ու բանակցային գործընթացի վրա ազդելն էր։
«Ադրբեջանը այսպիսով բանակցությունների վրա ազդելու եւ հատկապես հայկական կողմին վախեցնելու նպատակ ուներ։ Համանախագահների հայտարարությունը ցույց տվեց, որ չէ, իրենք այդքան էլ ազդված չեն, այլ ընդհակառակը՝ նույնիսկ խրախուսում են Ադրբեջանին, որ կարող է նույն ոգով շարունակել»,- ասաց ՀՅԴ-ական գործիչն ու հավելեց, որ եթե միջազգային համայնքը շարունակի նման մեղմ վերաբերմունք ցույց տալ, «դա կնշանակի կանաչ լույս վառել Ադրբեջանի առաջ՝ այսպիսով թույլ տալով, որ այդ երկիրը ցանկացած պահի նման միջոցներ ձեռնարկի»:
NEWS.am-ի հարցին, թե ո՞րը պետք է լինի Հայաստանի համարժեք քայլը ադրբեջանական կողմի գործողություններին, արդյո՞ք Հայաստանն էլ պետք է դիմի սադրանքների մեթոդին, որպեսզի կարողանա իր հերթին ազդել բանակցային գործընթացի վրա՝ Մանոյանը պատասխանեց. «Ամեն մարդ պիտի իր իմացածի մասին խոսի։ Ես ռազմական գործողություների մասին չեմ ուզում խոսել, թե ով ինչ քայլ պետք է անի, բայց կարծում եմ, որ մեր սխալը ավելի շատ քաղաքական գործողություններ չձեռնարկելու մեջ է, քան ռազմական կամ այլ գործողություններ»: ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատուն նշեց նաեւ, որ Հայաստանը պետք է դիվանագիտական, քաղաքական լուրջ աշխատանք տանի, «սակայն դա չի նշանակում, որ ռազմական գործողությունները պետք է բացառվեն»:
«Քաղաքական աշխատանքը պետք է ակտիվացնել Ղարաբաղի ուղղությամբ։ Մենք հավատարիմ մնալով բանակցությունների տրամաբանությանը, զուգահեռ քայլեր չենք արել, մինչդեռ Ադրբեջանը զուգահեռ ե՛ւ քաղաքական քայլեր է ձեռնարկում, փորձելով անընդհատ ԼՂ կարգավորման ատյանը փոխել, ե՛ւ ռազմական նման գործողություններով փորձում է իրավիճակ ստեղծել»: Մանոյանն ընդգծեց նաեւ, որ պետք է ակտիվ քաղաքականություն տանել Ադրբեջանի հակահայ քաղաքականության ուղղությամբ, ինչպես նաեւ պետք է անընդհատ տարբեր ատյաններում բացատրել ԼՂ հարցի էությունը։ Հաջորդ կարեւոր քայլը, որը պետք է անի Հայաստանը, ԼՂ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է։ «Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը Հայաստանի դեմ չէ։ Եւ եթե այդպես է, ապա պետք է, որ ԼՂՀ-ն իրավունք ունենա ինքն իր շահերը ուղղակիորեն պաշտպանել»,- նկատեց Մանոյանը։


























