ԵԽԽՎ-ն խնդրանքով դիմել է նախարարների կոմիտեին, որպեսզի վերջինս կոչ անի Շվեյցարիային՝ որքան հնարավոր է շուտ հանել մզկիթների հարեւանությամբ մինարեներ կառուցելու արգելքը: Այս մասին նշված է «Իսլամը, իսլամիզմը եւ իսլամաֆոբիան Եվրոպայում» զեկույցի մեջ, որը քննարկման է դրվել չորեքշաբթի: ԵԽԽՎ-ի կարծիքով, այդ արգելքը հակասում է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ եւ 14-րդ հոդվածներին եւ խտրականություն է մահմեդական համայնքի նկատմամբ: Մինարեների կառուցումը, ինչպես նաեւ քրիստոնեական եկեղեցիների զանգակատներ կառուցելը, պետք է հնարավոր լինի՝ հաշվի առնելով հասարակական անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում 2009 թվականի նոյեմբերի վերջին անցկացված համազգային հանրաքվեին մասնակիցների 57,5% կողմ էին արտահայտվել երկրի տարածքում մինարեներ կառուցելու արգելքին:
Հատկանշական է, որ հատկապես ազգությամբ թուրք Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո գրեթե 180 աստիճանով փոխվել է եվրոպական այդ կառույցի վերաբերմունքը եվրոպական արժեքների նկատմամբ։ Նախ Չավուշօղլուն, լինելով արդեն ԵԽԽՎ նախագահ, հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը՝ «մոռանալով» որ տարիներ առաջ Եվրախորհրդարանը ընդունել է այն, իսկ ինքը տվյալ պարագայում ներկայացնում է Եվրոպան, եւ ոչ թե Թուրքիան։ Ապա որպես եվրոպացի պաշտոնյա Հայաստան ժամանելիս հրաժարվել էր այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ դեմ գնալով արարողակարգի պահանջներին։ ԵԽԽՎ մակարդակով Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին դատապարտող որոշում էր անցկացրել՝ դարձյալ դեմ գնալով հավասարակշռությունը պահելու եվրոպական կառույցների տարիներ ի վեր որդեգրած սկզբունքին։ Իսկ հիմա էլ մինարեների հարցով «եվրոպական» պահանջագիրը Շվեյցարիային, այն դեպքում, երբ եվրոպական պետությունների զգալի մասը ընդվզում է իսլամական ծայրահեղականության դեմ։



























