Եվրոպայի Խորհուրդը քննադատության է ենթարկել մի շարք եվրոպական երկրների՝ ներառյալ Թուրքիային, տարածաշրջանային լեզուների կամ ազգային փոքրամասնությունների՝ 1992թ. ստորագրված խարտիան չստորագրելու համար: Զեկույցում, որ ներկայացվել է ԵԽԽՎ-ում, ընդգծվում է, որ լեզուների զարգացումը Եվրոպայի Խորհրդի հիմնական նպատակներից մեկն է:

Այսօրվա դրությամբ  խարտիան ստորագրել են ԵԽ անդամ 24 պետություններ: Թուրքիան զերծ է մնում խարտիայի ստորագրումից՝ վկայակոչելով սահմանադրությունը, համաձայն որի՝ թուրքերենը միակ պաշտոնական լեզուն է երկրում:

ԵԽԽՎ թուրք նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն կոչ է արել Թուրքիայի իշխանություներին՝ ստորագրել խարտիան եւ վավերացնել ԵԽ բոլոր կոնվենցիաները:

Նշենք, որ Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է կոնվենցիան, եւ միակ երկիրն է, որտեղ քրդերենի օգտագործման սահմանափակումներ չկան: