Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ հրադադարի խախտումներից: Այդ մասին ասված է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ: «Բարձրագույն ներկայացուցիչը ափսոսանք է հայտնում՝ հունիսի 18-19 գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, որի արդյունքում մարդկային կյանքի կորուստ է գրանցվել»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրոպացի պաշտոնյան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել հարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զենքի եւ ցանկացած սպառնալիքի կիրառումից եւ շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: «ԵՄ վերստին հաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու երեք համանախագահների աշխատանքին»,- ասված է հայտարարութան մեջ: