Այսօր` հունիսի 23-ի առավոտյան ժամը 10-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի դահլիճում, կայացել է թուրք մտավորական, «Քլարք» համալսարանի դասախոս՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ասուլիսը:
Ինչպես տեղեկացնում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը, Թաներ Աքչամը նախ շնորհակալություն է հայտնել Իրան հրավիրելու համար եւ ասել, թե հպարտ է, որ իր գիրքը թարգմանվել է պարսկերեն: Խոսքը «A Shameful act» (Ամոթալի արարք) գրքի մասին է, որի բովանդակությունը Հայոց ցեղասպանության՝ Թուրքիայի պատմության մութ ծալքերի մասին է:
«Իմ միակ հույսն ու երազն այն է, որ Թուրքիան իր պատմության այս մութ մնացած կողմը ճանաչի, որից հետո է միայն, հայ-թուրքական հարաբերությունները կարող են արմատավորվել խաղաղությամբ»,- ասել է Աքչամը եւ հավելել. «Հայոց ցեղասպանությունն իսկական Ցեղասպանություն է, եւ ոչ թե ջարդ կամ սպանություն: Ես կասեի՝ եթե 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն չանվանենք, այդ դեպքում պիտի ասել, որ որեւէ ցեղասպանություն չի եղել աշխարհում: Սա է իմ տրամաբանությունը՝ իրերը պետք է անվանվեն իրենց անունով, որպեսզի կարողանանք ճիշտ վերաբերվել նրանց հետ»:
Նա նաեւ ասել է. «Երբ մենք խոսում ենք անցյալի մասին, ցանկանում ենք հասնել խաղաղության, բարեկամության եւ ոչ թե թշնամանքի»:
Թաներ Աքչամը՝ շեշտելով, որ պիտի շարունակվի միջազգային ասպարեզում եւ օտարերկրյա խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքը, ասաց. «Նախկինում օտարերկրյա խորհրդարաններում Ցեղասպանության փաստի ճանաչումը համարում էի սխալ: Կարծում էի, որ արտաքին միջամտությունը կարող է ավելի շատ լարել թուրք հասարակությանը հայերի դեմ, բայց այսօր գտնում եմ, որ առանց արտաքին ճնշումների՝ Թուրքիան այս պատմական իրականությունը չի ընդունելու, եւ հայերի միակ ճանապարհն այսօր հենց այդ է, որ տարբեր երկրների խորհրդարաններում բարձրացնեն այս հարցը»:
«Ամոթալի արարք» գրքի հեղինակի կարծիքով՝ «պատմական իրականության մասին տեղեկանալը մարդկանց կմոտեցնի իրար»: Նա ասել է նաեւ, որ «Թուրքիան ոչ միայն հայերի, այլ նաեւ մյուս հարեւան ժողովուրդների՝ քրդերի, հույների, ալեւիների եւ այլոց հետ հարցեր ունի, որոնց լուծումը նախեւառաջ նրանց մասին ճիշտ տեղեկացված լինելու մեջ է»:
Աքչամը, նկատի ունենալով Իրան-Թուրքիա սերտ հարաբերությունները, նշել է. «Կարծում եմ, որ եթե Իրանը կարողանա օգնել Թուրքիային, որպեսզի նա ճանաչի իր պատմությունը, շատ կարեւոր գործ արած կլինի»:




























