Ալբանիայում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահ Բամիր Թոփիին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի դեսպանը նույն օրը հանդիպումներ է ունեցել Ալբանիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Իլիր Մետայի, Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆաթոս Բեջայի, պաշտոնատար այլ անձանց հետ:
Իլիր Մետայի հետ հանդիպմանը դեսպանը կարեւորել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների մեխանիզմի գործարկումը, ինչը հնարավորություն կտա նախանշել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ձեռնամուխ լինել իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը: Ալբանիայի արտգործնախարարն ընդունել է նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից իրեն ուղղված` Հայաստան այցելելու հրավերը:




























