Հայաստանի նախագահը Բեռլինում՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ունեցած իր ելույթից հետո պատասխանել  է նաեւ ներկաների հարցերին: Հատկանշական է, որ ՀՀ նախագահին հարց է ուղղել նաեւ Հաջիբեյլի անունով մի ադրբեջանցի, ով չի եղել լրագրող: Նա ներկայացել է որպես ադրբեջանցի, որի գյուղը գտնվում է հայկական ուժերի հսկողության ներքո: Ստորեւ ներկայացնում ենք հարցն ու Սերժ Սարգսյանի պատասխանը:

Հարց. «1992 թվականից իմ գյուղը գտնվում է հայ-ռուսական  զինվորական միավորումների օկուպացիայի ներքո: 18 տարի շարունակ ես չեմ կարողանում վերադառնալ իմ գյուղը: Մինչեւ ե՞րբ եք  գրավված պահելու իմ հայրենի գյուղը»:

Պատասխան. «Պարոն Հաջիբեյլի, ես շատ ուղիղ կպատասխանեմ Ձեր ուղիղ հարցին. Այնքան ժամանակ, որքան դուք մի նախադասության մեջ 4 էական սխալ եք թույլ տալիս: Նախ 1992 թվականին մենք հակառակ պրոցեսի մեջ էինք եւ  ադրբեջանական զորքերն էին հենց Աղդամի կողմից հարձակվում Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել էին ԼՂ-ի մեծ մասը: Երկրորդ. Ձեր ասած տարածաշրջանում երբեք չի եղել գոնե մեկ ռուս զինվոր եւ պետք չի պարտությունը բացատրել այլ-այլ հանգամանքներով: Երրորդ. Ես, ցավոք սրտի, որեւէ առնչություն չունեմ այն զորքերի հետ, որոնք գտնվում են այդ տարածաշրջանում, որպեսզի Ձեր խնդրանքը կատարեմ: Այդ տարածքները վերահսկվում են ԼՂ զինված ուժերի կողմից եւ դա պարտադրված բան էր, որովհետեւ 150 հազարանոց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չէր կարող պատերազմ սկսել մի քանի  միլիոնանոց Ադրբեջանի դեմ եւ պարտադրված պատերազմն էր, որ ստիպեց ԼՂ բնակչությանը զենք վերցնել եւ իր  արյան գնով, իր զավակների մահվան գնով պահպանել իր անկախությունը»: