Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ունեցած իր ելույթից հետո, հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին:

«Ամբողջ աշխարհին հայտնի է, որ ադրբեջանցիներն են հարձակվել: Եւ ի՞նչ: Մինսկի խմբի համանախագահները, Հարավային Կովկասում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը ընդհանուր գնահատականներ են տալիս եւ կողմերին կոչ են անում սադրանքների չգնալ: Այսնիքն,  կողմերն ովքե՞ր են, թույլ տվեք հարցնել: Ո՞վ էր կոնկրետ միջադեպի մեղավորը: Մենք 1994-ին հրադադարի եռակողմ պայմանագիր ենք ստորագրել. Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Դա արել ենք  Ադրբեջանի առաջարկությամբ եւ Ռուսաստանի միջնորդությամբ: Այսինքն մենք նաեւ իրավական պարտավորություն ունենք չխախտելու հրադադարը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Հիմնադրամում ունեցած իր ելույթը ՀՀ նախագահն ավարտել է լավատեսական հետեւյալ խոսքով. «Ինչպես Մարթին Լյութերն էր ասում, ամեն ինչ աշխարհում հույսով է արվում: Ես հույս ունեմ, որ մեր հարեւանների եւ բարեկամների հետ իրական ու գործնական երկխոսություն կսկսենք` մեկ սեղանի շուրջ հավաքելով բոլորին: Դա է պահանջում ընդհանուր հորիզոնի տրամաբանությունը։ Ես վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ այն հարցադրմանը, թե հնարավո՞ր է  մեր տարածաշրջանում երկխոսություն, կլսենք հստակ պատասխան. «Այո, հնարավոր է»: