Հայաստանի ոստիկանությունը վերջապես որոշել է անդրադառնալ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկությանը, ըստ որի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովը հայտարարել էր, թե «Թուրքիայում վերջին տասներեք տարիների ընթացքում ձերբակալվել են ապօրինի բնակվող կամ սահմանն ապօրինաբար հատած Հայաստանի 5909 քաղաքացիներ, ովքեր արտաքսվել են երկրից: 2007 թ. ձերբակալվել են 779, իսկ 2008 թ. առաջին ինն ամիսների ընթացքում` 474 Հայաստանի քաղաքացիներ, ովքեր հիմնականում զբաղվում էին մարմնավաճառությամբ եւ արտաքսվել են Թուրքիայից»:

«Հայտնում ենք, որ այդ հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Վտարումը պատժամիջոց է, որը կիրառվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ` որոշակի իրավախախտումների, հիմնականում մուտքի թույլտվության` վիզայի ժամկետները խախտելու դեպքում: Խախտում կատարողները վտարվում են այն երկիր, որի քաղաքացին հանդիսանում են, քանի որ միջազգային կանոնադրությամբ արգելվում է օտարերկրյա քաղաքացիների վտարումը երրորդ երկիր»,- նշել են ոստիկաններն ու հավելել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործում է միայն օդային սահման: ՀՀ քաղաքացիները Թուրքիայից Հայաստան վտարվում են ինքնաթիռով` ՀՀ սահմանը հատելով «Զվարթնոց» օդանավակայանի անցակետով: Վիճակագրությունը փաստում է, որ Թուրքիայից Հայաստան տարեկան վտարվում է տարբեր տարիքի եւ սեռի մոտ 50 ՀՀ քաղաքացի: Օրինակ, 2007 թ. վտարվողների թիվը եղել է 52, իսկ 2008 թ.` 45:

«Մարմնավաճառությամբ զբաղվողների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ իրավապահ մարմիններն այդ հարցում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով, համագործակցում են Թուրքիայի իրավապահ մարմինների հետ. Թուրքիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից գրություններ են ստացվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով դատաքննություն իրականացնելու մասին: Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն տարեկան նմանատիպ մոտ հինգ գրություն է ստանում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: