ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման որոշում է ընդունել պաշտոնից ազատել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Սթենլի Մակկրիստալին։ Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, լրատվամիջոցների համար հայտարարության մեջ Օբաման ընդգծել է, որ դա անում է մեծ ցավով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, գեներալը կանչվել էր Վաշինգտոն, որտեղ հանդիպել էր պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Սպիտակ տան դժգոհության պատճառ էր դարձել Սթենլի Մաքկրիստալի աղմկահարույց հարցազրույցը ամերիկյան «Rolling Stone» ամսագրին։ Հոդվածում տեղ էին գտել մի շարք վիրավորանքներ  փոխնախագահ Ջո Բայդենի, ազգային անվտանգության գործերով խորհրդական Ջիմ Ջոնսի եւ ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյաների հասցեին, որ իրեն թույլ էր տվել Սթենլի Մաքկրիստալը։ Ամերիկյան մամուլը նրան արդեն իսկ «խռովարար գեներալ» է անվանում։

Համաձայն CNN հեռուստաընկերության՝ Մաքկրիստալին կարող է փոխարինել գեներալ Դեյվիդ Պետրեուսը, ով նախկինում հրամանատար է եղել Իրաքում։