Մինչեւ 2014թ.-ի ավարտը Լեռնային Ղարաբաղում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն կբացվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ձեռնարկությունների ինկուբատոր»(Երեւան) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների՝ Երեւանում կայացած «DigiTec» ցուցահանդեսի ժամանակ: Մասնավորապես, կենտրոնում նախատեսվում է ԱՄՆ-ից բերված մեկ ՏՏ-ընկերություն տեղակայել, որի մասին կարող են հայտարարել բացման ժամանակ: «EIF» տնօրենը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ կառավարությանը՝ նախագծի իրականացմանն աջակցելու համար:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի կառավարության ապարատի ղեկավարի օգնական Արնոլդ Աբրահամյանը, կենտրոնում հրապարակներ կլինեն ինչպես ՏՏ-ընկերությունների համար, այնպես էլ ուսումնական դասընթացների համար, որոնք նույնպես գործում են ԼՂՀ-ում՝ Արցախի պետական համալսարանում: «Ուժերի սահմաններում մենք փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղում ՏՏ-ոլորտի զարգացմանը, զարգացնել բիզնես-միջավայր»,- հայտարարել է Աբրահամյանը: Նրա խոսքով՝ սեպտեմբերին կենտրոնն արդեն ներկայացվել էր «ArmTech» տեխնոլոգիական կոնգրեսի ժամանակ Նյու-Յորքում եւ հետաքրքրություն էր առաջացրել:

«DigiTec»-ի կազմակերպիչն է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը(UITE), որի գլխավոր հովանավորն է «Ucom» ընկերությունը: Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի վարչապետի հովանու ներքո: