Համացանցի եւ սոցցանցերի հնարավորությունների չարաշահումն անթույլատրելի է, զանգվածային հաղորդակցական ցանցը զարգացնելիս հարկ է հաշվի առնել բոլոր ժողովուրդների շահերը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
Նա նաեւ նշել է, որ ժամանակակից աշխարհում հաղորդակցումը կարեւոր դեր ունի, ուստի բոլոր երկրների իշխանությունները պետք է քաղաքացիներին համապատասխան հնարավորություն ընձեռեն։ Բայց միաժամանակ սոցցանցերը չի կարելի չարաշահել՝ այս կամ այն ժողովուրդների եւ բարոյական, եւ կրոնական համոզմունքների հարցերում, ընդգծել է Ռուհանին։
«Սոցցանցերում չի կարելի գրել բաներ, որոնք հրահրում են ժողովրդին եւ վտանգում երկրի անվտանգությունը։ Հարկավոր է գնալ նման ճանապարհով եւ հաշվի առնել բոլոր ժողովուրդների շահերը», -նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։
Ռուհանին 2013թ. նախընտրական քարոզարշավում հայտարարել էր մեդիա ոլորտին մեծ ազատություն ընձեռելու մտադրության մասին։ Ըստ որոշ փորձագետների՝ հենց այդ քայլն էր որոշիչ եղել նրա ընտրվելու հարցում։



























