Մինչեւ 2016թ.-ն Իրանը մտադիր է սեփական արտադրության երեք արբանյակ արձակել, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ մեջբերելով Իրանի տիեզերական գործակալության փոխտնօրեն Համիդ Ֆազելիին, ով հանդես է եկել Տիեզերքի համաշխարհային շաբաթի բացման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ երեք արբանյակը բաց կթողնեն «Simorq» կրողից: Ընդ որում արբանյակներից մեկը գեոստացիոնար ուղեծրում Երկրի մակերեւույթի ֆոտոնկարահանում է իրականացնել:
Սարքի գործունեության ժամկետը մեկուկես տարի է: Երկորդ արբանյակը նույնպես հեռակառավարվող զոնդավորում եւ տոպոգրաֆիկ նկարահանում է իրականացնելու: Երրորդը, որն իրանցի գիտնականները մշակել են Ամիր Քաբիր տեխնիկական համալսարանում, նախատեսված է տվյալների մոնիթորինգի եւ փոխանցման համար: Ծառայության ժամկետն է երկու տարի:
Ֆազելին նաեւ հայտնել է, որ տիեզերական գործակալության ծրագրերում է եւս երկու արբանյակի արձակումը, որոնք այժմ պատրաստման փուլում են:
2009թ-ին Իրանը կարողացավ ինքնուրույն Երկրի իր առաջին արհեստական արբանյակն արձակել:




























