Քաջարանում օրերս գրանցված երկրաշարժը բնակչությունը չի զգացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: «Ես չեմ էլ իմացել, որ երկրաշարժ է եղել, լրատվամիջոցներից եմ տեղեկացել»,-ասաց նա:

Վարդան Գեւորգյանը նշեց, որ որեւէ վնաս քաղաքին չի հասցվել: «Մեր շենքերը ամուր են մեր լեռների պես, 2-3 բալը քաջարանցիների համար վախենալու չէ, ոչինչ չի եղել»,-ասաց քաղաքապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ հոկտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 19.55-ին ՀՀ տարածքում` Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.23 աստիճան եւ արեւելյան երկայնության 46.14 աստիճան:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: