Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի 18-ի գիշերը տեղի ունեցած միջադեպը Ադրբեջանն էր հրահրել՝ այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հադիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա նաեւ հավելեց, որ Ղարաբաղի բանակի հրամանատարությունը պետք է հետաքննություն անցկացնի` պարզելու միջադեպի հանգամանքները, ապա ցավ հայտնեց միջադեպի արդյունքում հայկական կողմի 4 զոհերի կապակցությամբ։
ԱԳ նախկին նախարարը ընդգծեց նաեւ, որ հունիսի 18-ի սադրանքը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գիտությամբ եւ չհամաձայնեց այն տեսակետին, ըստ որի՝ միջադեպը, գուցե, կազմակերպվել է ադրբեջանական զինվորական բարձրագույն ղեկավարության նախաձեռնությամբ։ Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այդ սադրանքն ուներ երկու կոնկրետ հասցեատեր: Ըստ այդմ. «Առաջին հասցեատերը Ադրբեջանի ժողովուրդն է, որին իշխանությունները փորձեցին ցույց տալ, թե իրենց բանակն ուժեղ է եւ կարող է անհրաժեշտության դեպքում կռվել»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը։ Մյուս հասցեատերը, ըստ Արզումանյանի՝ միջազգային հանրությունն է, որին նման մեթոդով ակնարկ է արվում՝ ճնշում բանեցնել Հայաստանի վրա եւ որոշակի զիջումների գնալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում։ ՀԱԿ ներկայացուցիչը միաժամանակ տարօրինակ համարեց միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցած միջադեպին։
«Միջազգային հանրության արձագանքը մտորումների տեղիք է տալիս: Այս պահին ակնհայտ է, թե ով է ռեժիմը խախտել եւ Հայաստանի դիվանագիության ջանքերը պետք է ուղղված լինեն, որ նույն այդ միջազգային հանրությունը հակառակ տեսակետն արտահայտի»,-նկատեց ՀՀ նախկին ԱԳ նախարարը։
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է ամեն ջանք գործադրեր, որպեսզի միջազգային հանրությունը միանգամայն հակառակն ասեր ու համարժեք վերաբերմունք ցուցաբերեր ադրբեջանական դիվերսիային։


























