Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը չի հասկանում, թե ինչու են բոլորը կարծում, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից ԼՂՀ տարածք ներխուժելու փորձն ապտակ էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Այս մասին նա ասել է հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ Ռուսաստանում կան որոշակի քաղաքական շրջանակներ, որոնք, հնարավոր է, ցանկանում են «վերականգնել Ադրբեջանի ամբողջականությունը»: Նրա խոսքով, ներկայումս վերանայվում են Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որի ֆոնին Հայաստանը կորցնում է իր դիրքերը:

Ա. Սեդրակյանը կարծում է, որ Ադրբեջանին դրսից հասկացնել են տվել, որ նման սադրանքները նա կարող է մարսել: «2008-ին Վրաստանում բոլորը տարակուսած էին եւ հարց էին տալիս. «Բայց չէ՞ որ մեզ ասացին, որ կարելի է»: Հիմա նույնը տեղի է ունենում Ադրբեջանում: Ոչ մի ապտակ էլ  չի եղել: Եղել է ավագ եղբոր «դաբրոն»,- ասել է նա:

Ասուլիսին ներկա կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյան էլ նշել է. «Մենք նախազգուշացնում էինք, որ ֆուտբոլային դիվանագիտությունը ոչ մի բանի չի հանգեցնի: Եթե դու խոսում ես զիջումների ու փոխզիջումների լեզվով, հակառակորդը սկսում է մտածել, թե ինչպես ավելի մեծ պատառ պոկի: Դուք մոռանում եք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեր պատմական թշնամիներն են: Նրանք խնդիր չեն դրել լուծել խնդիրը, նրանց պետք է՝ քամել Հայաստանից այն ամենը, ինչ հնարավոր է: Չի լինում 21-րդ դարի թուրք, լինում է ուղղակի թուրք»:

«Երբ Օսիայում եւ Աբխազիայում պատերազմ էր գնում, բոլորը հետեւում էին Պեկինի Օլիմպիադային: Հիմա էլ երբ սպանում են հայերին Ադրբեջանի սահմանին, բոլորը սեւեռված են ֆուտբոլի աշխարհի խաղերի վրա»,- մտահոգություն է հայտնել Անուշ Սեդրակյանը՝ ընդգծելով, որ այս հարցում պետք է կոնկրետ գործողությունների պետական ծրագիր ու գաղափարախոսություն լինի: «Ես մամուլում երբեք չեմ տեսել պետական ծրագիր: Այսօր Հայաստանի հասարակությունը անմասն է ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններին»,- նկատել է նա:

Սրան  հակադրվել է Մեսրոպյանը՝ հայտարարելով, որ եթե հիշյալ պետական ծրագրի, ռազմա-քաղաքական փաստաթղթերի մշակմանը ներգրավվեն օտարերկրյա փորձագետներ, ապա դա արդեն ծրագիր չէ, այլ աղբ:

«Սա յուրահատուկ երկիր է. Մենք պատերազմի շեմին ենք, իսկ ամբողջ ժողովուրդը քննարկում է օտարալեզու դպրոցների հարցը»,- իր խոսքն է ամփոփել նա: