Երեւանի եւ մարզերի 442 դպրոցներում եւ մանկապարտեզներում անցկացված  սննդամթերքի անվտանգության մոնիտորինգի արդյունքներով 377-ի ճաշարաններում եւ բուֆետներում հայտնաբերվել են սննդամթերքի նկատմամբ պահանջների խախտումներ, մասնավորապես` առանց սերտիֆիկատի, անհայտ ծագմամբ, ժամկետանց եւ կեղծված սննդամթերքի վաճառք, պահպանման պայմանների խախտումներ (սառնարանների բացակայություն կամ սանիտարահիգիենիկ վատ պայմաններ):

Մոնիտորինգն անց են կացրել «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն (ՍԻՊ) եւ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը:

ՍԻՊ նախագահ Աբգար Եղոյանն ասում է, որ Հայաստանում բացակայում է սննդի կազմակերպման մշակույթը: Օրինակ` դպրոցներում կաթնամթերք գրեթե չի վաճառվում, որովհետեւ երեխաների կողմից պահանջարկ չկա: Դրա փոխարեն մեծ պահանջարկ են վայելում էժանագին գազավորված ըմպելիքները ու շոկոլադները: Ընդ որում` դրանք մեծամասամբ ներմուծվող են` գազավորված ըմպելիքները ներմուծվում են Վրաստանից, իսկ շոկոլադները` անգամ Ինդոնեզիայից: Այդ շոկոլադների վրա, որպես կանոն, բացակայում են պահպանման ժամկետների վերաբերյալ նշումները: Հետաքրքիրն այն է, որ տեղական արտադրության հյութերն ու շոկոլադները համարյա նույն գինն ունեն, բայց ավելի որակով են, սակայն զարմանալիորեն երեխաները նախընտրում են արտասահմանյանները` հաճախ տուրք տալով արտաքին տեսքին: Ա. Եղոյանի տեղեկացմամբ` ԱՄՆ-ում եւ Եվրոպայի շատ երկրներում արգելվում է դպրոցներում գազավորված ըմպելիք վաճառել, քանի որ դրանց չարաշահումը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների: «Պատահական չէ, որ զորակոչային տարիքի երեխաների մոտ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, հատկապես քաղաքի երեխաների մոտ, որովհետեւ այլ կերպ են սնվում»,- ասաց Եղոյանը: