Ամերիկյան լրագրող Քրեյգ Սիլվերմանը առցանց տեղեկություններում կեղծ լուրերի բացահայտնման եւ մերկացման Emergent ծառայությունն է մշակել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Emergent-ի հեղինակն օգնականի հետ հավաքում է լուրերը, որոնք տարածվում են առցանց-ռեսուրսների նորություններում, եւ դրանք ներառում են տվյալների բազայում:
Յուրաքանչյուր թեմայի, այսպես կոչված, «ճշմարտացիության վարկանիշ» է շնորհվում, ինչպես նաեւ արձանագրվում է, հրապարակումն իրական պատմություն է, դրա հերքումն է, թե՞ պարզապես արտատպում: Յուրաքանչյուր նորության կողքին նշվում է համացանցում դրա հայտնվելու ամսաթիվն ու հրապարակումների թիվը:
Հնարավոր է նաեւ հետեւել, թե ինչպես են մարդիկ նորություններով կիսվում սոցիալական ցանցերում եւ արդյո՞ք գտել են դրանց հաստատումը: Եվ վերջապես, հատուկ նշում է նախատեսված այն լուրերի համար, որոնք հերքվել են այն նույն ռեսուրսում, որտեղ հայտնվել են: Ըստ մշակողների, Emergent-ի նպատակն է՝ լրագրողներին եւ շարքային ընթերցողներին օգնել համացանցում գլուխ հանել աղմկահարույց, բայց չհաստատված լուրերից, հատկապես նրանցից, որոնց աղբյուրը սոցիալական ցանցերն են:




























