Վանաձորի «Մոնա Մարի» ՍՊԸ-ի, նույն քաղաքի անհատ ձեռնարկատեր Տիգրան Բաղդասարյանի հրուշակեղենի արտադրամասի, Երեւան քաղաքում` «Հռութ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել են: Պատճառը` այդ արտադրամասերի թողարկած հրուշակեղենում մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնող օրգանիզմների առկայությունն է: Ստուգումներն ու փորձաքննությունն անցկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունը: Ըստ այդ տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանի` արտադրողներին տրվել են 3-4 ամիս ժամկետ, որպեսզի բոլոր թերությունները վերացվեն:

Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում մայիսի 16-ին տեղի ունեցած թունավորումների պատճառը «Մոնա Մարի» ՍՊԸ-ի պատրաստած էկլերներն էին, որտեղ հայտնաբերվել էին սալմոններ: «Այդ պատրվակով ստուգվեցին այլ կազմակերպություններ, որտեղ հայտնաբերվեցին խմորասնկեր, աղիքային ցուպիկներ, ստաֆիլակոկ: Արդեն իսկ, եթե հայտնաբերվել են շեղումներ, անկախ նրանից` թունավորում եղել է, թե ոչ, նրանց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ»,-NEWS.am-ին ասաց Վարժապետյանը: Նրա տեղեկացմամբ`  «Մոնա Մարի»-ում ստուգումների ժամանակ արտադրամասում կային միայն մարգարիններ, որոնք նորմալ էին, բայց էկլերի մեջ հայտնաբերվել են սալմոններ, որոնք թունավորման պատճառ են դարձել: